Date
Վերջին գրառումները

ԵԱՏՄ-ն՝ որպես Հայաստանի տնտեսության զարգացման բանալին

Այս օրերին Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական III համաժողովը: Այն անցում է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո։ Համաժողովին մասնակցում են խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարները, ԵԱՏՄ պետությունների և երրորդ երկրների պետիշխանության մարմինների ներկայացուցիչներն, ինչպես նաև Միության հետ փոխգործակցության զարգացմամբ շահագրգռված միջազգային կազմակերպությունները: Եկեք քննարկենք, թե մեր երկրի համար ի՛նչ նշանակություն ունի այս կազմակերպությանն անդամակցությունը:

ԵԱՏՄ-ին մեր երկրի միայն մասնակցությունն արդեն իսկ կարևոր առավելություններ է կրում մեր տնտեսության համար: Բացի այդ՝ Երևանում նման լուրջ միջազգային միջոցառման հյուրընկալումը մեր ձեռներեցներին իրենց և իրենց արտադրանքը ներկայացնելու համար լրացուցիչ հնարավորություններ է տալիս:

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցության հիմնական առավելությունների թվում են մեր քաղաքացիների համար հավասար աշխատանքային իրավունքները, ինչը, մասնավորապես, թույլ է տալիս Ռուսաստանում աշխատել առանց արտոնագրի, ինչպես նաև՝ աշխատողներին ու նրանց ընտանիքներին ազատում է 30 օրվա ընթացքում գրանցումից: Կապի ծառայությունների ցածր սակագներ, մինչև 2025 թվականը ռոումինգի չեղարկում ու ԵԱՏՄ երկրներում հայկական դիպլոմների ճանաչում՝ այս ամենը նպաստում է հայերի կյանքի որակի բարելավմանը:

ԵԱՏՄ-ում մաքսային հսկողության միասնական սկզբունքներն ու միասնական տրանսպորտային տարածքը հայկական բիզնեսին թույլ են տալիս զարգանալ: Մասնավորապես, մեր ձեռնարկատերերը անհրաժեշտություն չունեն մաքսային հայտարարագիր ներկայացնել, սահմանին մաքսատուրք ու մաքսավճար կատարել, բեռների փոխադրման ու մեքենայի ուղանցման թույլտվություն ձևակերպել:

ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ 10 տարվա ընթացքում՝ փոխադարձ առևտրի շրջանակներում վարչական խոչընդոտների նվազեցմանը միտված նպատակային քաղաքականության արդյունքում, Հայաստանը 2023 թվականին միության պետությունների հետ ապրանքաշրջանառության ծավալն ավելացրել է վեց անգամ՝ այն հասցնելով 7,8 մլրդ դոլարի: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանը հայտարարեց, որ այս տարի այլ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 7,3%-ով։ Դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է 14 անգամ՝ 2015 թվականի 256 մլն դոլարից մինչև 2023 թվականի 3,6 մլրդ դոլարը, ինչը վկայում է հայկական արտադրության հանդեպ աճող հետաքրքրության մասին: Աճն առավել նկատելի է Ռուսաստանի հետ առևտրի պարագայում. ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա արդյունքների համեմատ ավելացել է 43,3%-ով: Ետ չեն մնում նաև Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտրի ցուցանիշները. այդ երկրների հետ շրջանառությունն աճել է համապատասխանաբար 2,4 և 4,2 անգամ: ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության աճը շարունակվել է նաև այս տարի. առաջին եռամսյակում ցուցանիշը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 անգամ՝ կազմելով 3,83 մլրդ դոլար։

Արդյունքում ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը դարձել է համախառն ՀՆԱ-ի աճի դինամիկայով առաջատարը։ Եթե 2023 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ում ընդհանուր ցուցանիշը հասել է ընդամենը 3,7%-ի, ապա Հայաստանում՝ 7,4 %-ի:

ԵԱՏՄ ֆինանսական կառույցները մեր երկրի տնտեսական աճի գործում նույնպես կարևոր դեր են կատարել։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը գրանցել է 26 գործառնություն, ինչը 527 մլն դոլարի սուվերեն ֆինանսավորման ծավալ է ապահովել։ Այդ գումարներն օգնում են Հայաստանում զարգացնել ենթակառուցվածքներն ու բարելավել տնտեսական ցուցանիշները։

ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեր երկրին նաև հասանելիություն է ապահովում դեպի միջազգային լայն շուկաներ: «Արևելք — Արևմուտք» և «Հյուսիս – Հարավ» տրանսպորտային միջանցքների զարգացումը ասիական տարածաշրջանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններ են ստեղծում՝ ներառյալ ASEAN-ը (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասեցիացիա), Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Մերձավոր Արևելքը: Սա կարող է կարևոր քայլ լինել հայաստանյան արտադրողների համար, ովքեր ևս մոտ 3,5 մլրդ սպառող ձեռք կբերեն։

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ո՛չ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև նոր հեռանկարներ է բացում միջազգային համագործակցության համար։ Միության շրջանակներում մեր երկիրը կկարողանա արդյունավետ օգտագործել իր աշխարհագրական դիրքն ու, օրինակ, Հնդկաստանի համար դառնալ տարանցիկ պետություն դեպի ԵԱՏՄ և Եվրոպայի երկրներ, կամ էլ՝ ԵԱՏՄ երկրների տարածքը կապել Իրանի և այլ պետությունների հետ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հետագա ամրապնդումը միմիայն օգուտ կբերի Հայաստանին ու նրա բնակիչներին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է հավասարակշռված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա բարի-դրացիական փոխշահավետ հարաբերություններ պահպանել գործընկերների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև