83 տարի է անցել այն օրից, երբ հունիսի 22-ի առավոտյան ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Խորհրդային Միության վրա։ Հայրենիքի ազատության համար պայքարի մարտերում մի քանի տարվա ընթացքում զոհվել են 27 մլն խորհրդային քաղաքացիներ։ Դրանց թվում եղել են երկրի բոլոր ազգերի ներկայացուցիչները։ Մեծ հայրենական պատերազմում մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի հերոսական ներկայացուցիչները։
Խորհրդային Հայաստանում զորակոչել են 300 հազար մարդու, այսինքն պատերազմ է գնացել ամեն հինգերորդը։ Հայերը կամավոր էին գրվում նաև ԽՍՀՄ այլ հանրապետություններում, ինչպես նաև արտասահմանում. դա ևս 300 հազար մարդ։ Թիկունքում մնացածները զբաղվում էին ռազմաճակատի համար ռազմավարական արտադրանքով’ զինամթերքով, ականանետերով, հրաձգային զենքի տարբեր մասերով։ Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ’ կոլտնտեսականից մինչև արտիստ (ընդհանուր առմամբ 335 316 մարդ) հայրենասիրական խրատ են գրել ռազմաճակատում գտնվող հայերի համար։ Այն հրապարակվել է բոլոր թերթերում, հիշեցնելով, որ հենց Կայզերական Գերմանիան է եղել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերի ոգեշնչողն ու մասնակիցը։
Պատերազմի սկզբին Հայկական ԽՍՀ-ում կազմավորվել են 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիաները։ Պատերազմել է նաև նախկինում կազմավորված 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիան։ Մեր հայրենակիցները կռվել են 31-րդ, 61-րդ, 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական) և մի շարք այլ հրաձգային դիվիզիաներում ու ստորաբաժանումներում։
Հայ ժողովրդի կորուստները Մեծ հայրենական պատերազմի ժամանակ համեմատելի են ԱՄՆ-ի ամբողջ բանակի կորուստների հետ։ 600 հազար զորակոչվածներից 200 հազարը զոհվել են ռազմաճակատում։ Համեմատության համար. ամերիկյան բանակի կորուստները կազմել են 200 հազար մարդ 16 մլն զորակոչվածներից։
Մեծ հայրենական պատերազմը բացահայտել է մեր հրամանատարների տաղանդները։ Հայտնի հայ զորավարներից է ծովակալ Իվան Իսակովը (Տեր-Իսահակյան), ով ղեկավարել է Կարմիր դրոշի Բալթյան նավատորմի անցումը Թալինից Կրոնշտադտ, կազմակերպել է Լենինգրադի հրետանային պաշտպանությունը և կոորդինացրել է Լադոգայի նավակազմի գործողությունները։ Մեծ հայրենականի առաջին մարտերում աչքի է ընկել գնդապետ Իվան Բաղրամյանը, հետագայում ականավոր մարշալ և Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Արմենակ Խամփերյանցը, Միխայիլ Պարսեգովը, Համազասպ Բաբաջանյանը, Սարգիս Մարտիրոսյանը և շատ ուրիշներ այսօր հայտնի են որպես տաղանդավոր զորավարներ, խիզախության և հերոսության օրինակներ։
Այդ ժամանակահատվածում հերթական անգամ գծագրվել են Թուրքիայի իրական պլանները, որի գովեստն ու ուշադրությունը այսօր չսիրված կնոջ նման փորձում է շահել Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմի սկզբին դառնալով Գերմանիայի դաշնակիցը, Թուրքիան Հայաստանի հետ սահմանին է հավաքել 26 զինված դիվիզիաներ` ավելի քան 500 հազար մարդ։ Հիտլերյան կոալիցիայի հաջողության դեպքում թուրքերը պատրաստվում էին ներխուժել մեր երկիր և ավարտել ցեղասպանության գործը։
Այդ պատճառով հայերի համար նացիզմի դեմ պայքարը հատուկ նշանակություն է ունեցել, իսկ մեր հերոսները պատերազմի առաջին օրերից եղբայրական ժողովուրդների հետ ուս ուսի կանգնել են հայրենիքի պաշտպանության համար։ Եվ այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը խեղաթյուրվի, երբ Ֆաշիստական Գերմանիային հաղթած մեր հերոս նախնիների հիշատակը փորձում են փոխարինել կեղծիքներով և տարբեր երկրներում վերականգնել նացիզմը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան